ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Տյումենի մարզի պետական անվտանգության մարմինների աշխատակիցները «Տրանսնեֆտի» գլխավոր նավթամուղի դիսպետչերական կայանի վրա հարձակում են կանխել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«ՌԴ ԱԴԾ–ն Տյումենի մարզում Ռուսաստանում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպության մասնակիցների մեկի՝ ՌԴ քաղաքացու (Ուկրաինայի Վիննիցայի մարզում ծնված) ապօրինի գործունեություն է կանխել, որը Կիևի ռեժիմի հատուկ ծառայությունների հրամանով դիվերսիա և ահաբեկչություն էր նախապատրաստում տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքի օբյեկտներից մեկի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ն նշել է, որ չարագործն այդ նպատակով թիրախավորել է «Տրանսնեֆտի» գլխավոր նավթամուղի դիսպետչերական կայանը։
Կիևի գործակալը տվյալներ է հավաքել նավթագազային օբյեկտների շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։
«Անհետաձգելի օպերատիվ–հետախուզական գործողությունների ընթացքում պարզվել է, որ քաղաքացին կապի մեջ է եղել ուկրաինական ահաբեկչական կազմակերպության համակարգողի հետ՝ օգտագործելով WhatsApp* մեսենջերը։ Համակարգողի հանձնարարությամբ նա, բացի դիվերսիոն հարձակման նախապատրաստումից, տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի մարզերում գտնվող նավթագազային օբյեկտների շուրջ առկա իրավիճակի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԱԴԾ-ն հերթական անգամ հիշեցնում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները Ռուսաստանի քաղաքացիներին անօրինական գործունեության մեջ ներքաշելու նպատակով ակտիվ աշխատում են առցանց տիրույթում, այդ թվում՝ սոցցանցերում և Telegram ու WhatsApp* մեսենջերներում։
*Պատկանում է Meta կորպորացիային, որը ծայրահեղական է ճանաչվել և արգելված է ՌԴ–ում։