ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմը հաղթել է ռուսերենով Հայաստանի առաջին միջբուհական բանավեճի առաջնությունում։ Նման որոշում է կայացրել ժյուրին դեկտեմբերի 24-ին կայացած եզրափակիչ մրցումից հետո։
Վճռորոշ փուլում հանդիպեցին Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի և Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերը։ Ժյուրիի անդամները նշեցին, որ եզրափակիչը լարված էր և ցուցադրեց մասնակիցների բարձր պատրաստվածությունը։
Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջազգային հարաբերությունների առաջին կուրսի ուսանող Էմիլ Գանջալյանը, որի թիմը հաղթել է, նշեց, որ բանավեճը բարդ էր և որոշակի պատրաստվածություն էր պահանջում։
Միջբուհական բանավեճի առաջին առաջնությունում
© Sputnik / Aram Nersesyan
«Պետք է մեծ քանակությամբ նյութեր վերլուծել՝ արխիվային, լրատվական, տեքստային և գիտական հոդվածներ։ Առանց դրա կառուցողական քննարկում վարել հնարավոր չէ։ Սա այն հիմնական որակն է, որը ցանկացած բանավեճի հաջողության գրավականն է», – ասաց նա Sрutnik Արմենիայի հետ զրույցում։
Հայ-ռուսական մշակութային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Բորդովը նշեց, որ թիմերը գիտելիքների նույն մակարդակն ունեին։ Բանավեճի ընթացքում պարզապես թիմերից մեկն ավելի ճշգրիտ է արտահայտվել։
«Այնպես ստացվեց, որ ժյուրին այսօր նախապատվությունը տվեց Մոսկվայի պետական համալսարանին։ Ռուսական տան այս նախաձեռնությունը շատ կարևոր է։ Շատ հետաքրքիր թիմեր կային», – ասաց Բորդովը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բուհի համար սա լուրջ խթան է. հաջորդ տարի նոր մակարդակ կցուցադրվի։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առաջնությունն դարձավ Հայաստանում նման առաջին նախագիծը։ Այն կոչված էր մի քանի խնդիր լուծել։
«Բանավեճերն առաջին անգամ են նման ձևաչափով անցկացվում. ուսանողները ելույթ են ունենում ռուսերեն, ներկայացնում իրենց փաստարկները, բացատրում իրենց դիրքորոշումները: «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հիմնական նպատակներից մեկը ռուսաց լեզվի աջակցությունն է ամբողջ աշխարհում, և մենք փորձում ենք երիտասարդների համար նոր, հետաքրքիր ձևաչափեր գտնել», – նշեց Ֆեֆիլովը:
Նրա խոսքով՝ պատմական թեմաներով միջբուհական բանավեճի առաջնության գաղափարը ծագել է որպես փորձ՝ ուսանողներին սովորեցնելու դուրս գալ հուզական դաշտից և անցնել տրամաբանական, փաստարկված քննարկման, հասկանալու, թե ինչ է սովորեցնում ժամանակակիցներին Հայաստանի անցյալը:
Կովկասը զգացմունքային տարածաշրջան է, և նպատակն էր ցույց տալ թե որքան կարևոր է կարողանալ բանավիճել հենվելով տրամաբանության, փաստերի, ստուգված աղբյուրների և սառը դատողության վրա, և դա հաջողվեց, ասաց մեր զրուցակիցը։
Ամբողջ տարվա ընթացքում շրջանաձև մրցաշարին վեց համալսարանների թիմեր էին մասնակցում, այդ թվում՝ Ամերիկյան համալսարանը: Բանավեճի թեմաները բարդ և բազմակողմանի էին՝ սկսած խորհրդային շրջանի գնահատականից մինչև տնտեսագիտությունը, ատոմային էներգետիկային և մշակույթին վերաբերող հարցեր:
Ժյուրին հատուկ ուշադրություն էր դարձնում թիմերի պատրաստվածության մակարդակին, նրանց փաստարկների որակին և ստուգված աղբյուրների օգտագործմանը։
«Գնահատվում է աշխատանքն արխիվների հետ, ինքնուրույն պատրաստությունը և ստուգված տվյալների օգտագործումը, այլ ոչ թե պատրաստի լուծումների փոխառումը։ Թիմերը թեմաները ստանում են հերթական փուլից մի քանի օր առաջ, և ժյուրին գնահատում է, թե որքանով են նրանք կարողացել գլուխ հանել դրանցից», – բացատրեց Ֆեֆիլովը։
Յուրաքանչյուր մրցման ժյուրիի կազմում երեքն էին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ավագ դիվանագետ և երկու հայ փորձագետ։ Յուրաքանչյուր թիմ կազմված էր վեց ուսանողից և մեկ մենթորից։
Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ բանավեճի միջբուհական առաջնությունը կխթանի փաստարկված բանավեճի մշակույթը և հայ երիտասարդության շրջանում հետաքրքրություն կսերմանի ռուսաց լեզվի նկատմամբ։