ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատապարտել է դեկտեմբերի 18–ին Էջմիածնում կատարված իրադարձությունները։ Նա հայտարարություն է տարածել կալանավայրից։
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներն այդ օրը գնացել էին Մայր աթոռ` նամակ փոխանցելու։ Մայր աթոռում նաև նախատեսված էր միասնական աղոթք, իսկ հավատավոր ժողովուրդը հավաքվել էր իր աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին։ 10 եպիսկոպոսների և Փաշինյանի աջակիցները միասնական աղոթքի ժամանակ սկսեցին ոտքերով հարվածել Մայր տաճարի դռներին։
«Խստագույնս և աներկբա դատապարտում եմ դեկտեմբերի 18-ին իշխանական հովանավորչությամբ և ութը եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը Հայ եկեղեցու սրբության սրբոց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ»,– նշել է Մկրտիչ սրբազանը։
Նրա խոսքով` կատարվածը պարզապես անհամաձայնություն կամ ներեկեղեցական տարաձայնություն չէ․ դա գիտակցված հարված էր մեր դարավոր հոգևոր ինքնության բաբախող սրտին, փորձ՝ խարխլելու այն հիմքը, որի վրա դարերով կանգուն է մնացել հայ ժողովուրդը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միայն քարե կառույց, հոգևոր և վարչական կենտրոն չէ․ այն մեր հավատի կենդանի վեմն է, մեր հոգևոր ինքնության առանցքը, այն սրբավայրը, որի շուրջ համախմբված հայ ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել է բռնությանը, օտար լծին ու հավատաքանդ փորձություններին։ Այդ սրբության դեմ ձեռք բարձրացնելը ոչ թե քաջություն է, այլ հոգևոր ինքնասպանություն»,– գրել է սրբազանը։
Նա 10 եպիսկոպոսներին հիշեցրել Երեմիա մարգարեի դատապարտող հետևյալ խոսքը. « «Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ»։
«Անիրավության վրա հիմնված ցանկացած քայլ դատապարտված է փլուզման, իսկ այդ ճանապարհն ընտրածները՝ պատմական խայտառակության։ Այս մարդիկ մոռացել կամ միտումնավոր ոտնահարել են այն իրողությունը, որ իրենք ոչ թե փողոցային ակտիվիստներ են և ոչ էլ իշխանական կամակատարներ, այլ Աստծու Սուրբ Խորանի առաջ հավատարմության երդում տված հոգևորականներ, որոնց կոչումն է պահպանել Եկեղեցու միասնությունը, այլ ոչ թե պառակտել այն»,– ընդգծել է Մկրտիչ սրբազանը։
Նա իր աջակցություն է հայտնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը հավատարմություն պահած եպիսկոպոսներին ու վարդապետներին, քահանաներին, սարկավագներին և մեր հավատացյալ ժողովրդին, որոնք այս փորձության օրերին չլքեցին Մայր եկեղեցին։ Նա հորդորել է շարունակել զորակցությունը Սուրբ Էջմիածնին և կաթողիկոսին։
Հիշեցնենք, որ Արագածոտն թեմի առաջնորդ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16–ից։