ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Մասնագետները հայտնաբերել են Թուրքիայի Անկարա նահանգում լիբիական պատվիրակության կործանված ինքնաթիռի սև արկղը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան։
«Ինքնաթիռի սև արկղը և ինքնագրիչները հայտնաբերվել են, հույս ունենք հնարավորինս արագ վերծանել դրանք և հասկանալ վթարի պատճառը», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա:
Տրիպոլիում տեղակայված Լիբիայի ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբայի խոսքով՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Ալ-Հադդադը և նրան ուղեկցողները մահացել են Անկարայից օդ բարձրանալուց անմիջապես հետո ռադարներից անհետացած ինքնաթիռի կործանման հետևանքով: Անկարայի դատախազությունը սկսել է միջադեպի հետաքննությունը։
Ինքնաթիռում եղել է 5 մարդ, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Ալ-Հադդադը։ Լիբիական ԶԼՄ-ների տվյալներով՝ մյուս ուղևորները ևս բարձրաստիճան զինվորականներ էին։
Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան հայտարարել է, որ աղետը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Անկարա կատարած պաշտոնական այցից հետո լիբիական պատվիրակությունը վերադառնում էր երկիր: Նա հինգ զինվորականի զոհվելը «մեծ կորուստ» է անվանել Լիբիայի համար։
Ինչպես նշում է AP գործակալությունը, Մուհամեդ Ալ-Հադդադը զբաղեցրել է Լիբիայի արևմտյան հատվածի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը և առանցքային դեր է խաղացել պառակտված լիբիական բանակի միավորման գործում: