ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Մայամի կատարած իր ուղևորության մասին զեկուցել է ՌԴ մախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը անցած հանգստյան օրերին Մայամիում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ:
«Դմիտրիևն իր ուղևորության արդյունքները բոլոր նրբերանգներով զեկուցել է նախագահին։ Ըստ այդմ` մեր դիրքորոշումը կձևավորվի համաձայն այն տեղեկությունների, որոնք ստացել է պետության ղեկավարը, և առաջիկայում մեր շփումները կշարունակվեն այն խողովակներով, որոնք հիմա աշխատում են», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` ԱՄՆ վարչակազմն ուկրաինական կարգավորման պլան է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Ինչպես հայտնել էր Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է 4 փաթեթի և առաջարկել է դրանք առանձին քննարկել: