ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով հայեր չեն տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասար» թերթը։
Երեկ «Գանձասարը» Հալեպում գտնվող հայրենակիցներին հորդորել էր մնալ տանը, մինչև քաղաքում իրավիճակը կայունանա։ Այսօր հայտնի դարձավ, որ գիշերը քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի անցումային կառավարության ուժերի և քրդական խմբավորումների միջև։
Թերթի տվյալներով` բախումների հետևանքով 4 մարդ է զոհվել, 8–ը` վիրավորվել։
«Երեկ երեկոյան «Սիրիական ժողովրդավարական ուժերի» և քրդական ուժերի միջև փոխհրաձգության հետևանքով հայաբնակ թաղամասերի որոշ բնակարաններ մասնակի նյութական վնասներ են կրել։ Տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ լրատվամիջոցի` այսօր Հալեպում հանդարտ վիճակ է, բայց դպրոցները, համալսարանները և պետական հաստատությունները դեռ փակ են։
Հալեպի քաղաքացիական պաշտպանության ուժերը և հիվանդանոցներն աշխատել են մինչև առավոտ՝ բնակչությանը տրամադրելով արտակարգ օգնություն։
Հիշեցնենք` մարտի 10-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդիի միջև համաձայնագիր է ստորագրվել քրդական խմբավորումներին սիրիական բանակի և պետական մարմինների մեջ ներառելու վերաբերյալ: Սակայն ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, այդ ժամանակից ի վեր որևէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել: