Այս գիշեր Հալեպում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի անցումային կառավարության ուժերի և քրդական խմբավորումների միջև։
Ավելի վաղ Սիրիայի հայ համայնքի «Գանձասար» թերթը Հալեպում գտնվող հայրենակիցներին հորդորել էր մնալ տանը, մինչև քաղաքում իրավիճակը կայունանա։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։
Մարտական գործողություններ են գրանցվել Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում։
Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիան հայտարարել է, որ կառավարական ուժերն առաջինն են հարձակվել։
Մերձավոր Արևելքի թեման լուսաբանող Telegram–յան ալիքները հայտնում են, որ Իդլիբից զինված ստորաբաժանումներ են ժամանել կառավարական ուժերին օգնելու համար։
Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ կառավարական ուժերը խոշոր տրամաչափի գնդացիրներով և ՀԿՌՀ–ներով ռմբակոծել են քրդական թաղամասերը։
Սիրիական պետական լրատվամիջոցներն իրենց հերթին քրդերին են մեղադրել բնակելի շենքերը ռմբակոծելու մեջ։
Հաղորդագրություններից դատելով՝ քրդական ստորաբաժանումներին հաջողվել է հետ մղել հարձակումը։
Հիշեցնենք` մարտի 10-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդիի միջև համաձայնագիր է ստորագրվել քրդական խմբավորումներին սիրիական բանակի և պետական մարմինների մեջ ներառելու վերաբերյալ: Սակայն ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, այդ ժամանակից ի վեր որևէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել: