ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում իր դիվանագետներին աշխարհի 30 երկրից, այդ թվում Հայաստանից։ Տեղեկությունը հայտնում է Associated Press գործակալությունը։
Խոսքը ոչ միայն դեսպանների, այլև դեսպանատների բարձրաստիճան այլ աշխատակիցների մասին է։
Ըստ գործակալության՝ պետդեպարտամենտում աշխատող 2 պաշտոնյա, որոնք ցանկացել են անանուն մնալ, հայտնել են, որ նախորդ շաբաթ առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ 2026 թվակաի հունվարին նրանց պաշտոնավարումն ավարտվելու է։ Լրատվական գործակալությունը նշում է, որ այս դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, իսկ Թրամփը ցանկանում է փոխել ԱՄՆ-ի դիվանագիտական դիրքորոշումը, այն է՝ ամբողջությամբ առաջ մղել «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը։
Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել նորությունը՝ ասելով միայն, որ ցանկացած վարչակազմի դեպքում փոփոխությունները նորմալ գործընթացի մաս են կազմում։
Պետդեպից նշել են, որ դեսպանը նախագահի անձնական ներկայացուցիչն է, հետևաբար նախագահն իրավունք ունի վստահ լինելու, որ տվյալ երկրներում ունի անհատների, ովքեր առաջ են տանում «Ամերիկան՝ առաջինը» քաղաքականության օրակարգը։
Աֆրիկան այն մայրցամաքն է, որն առավելապես «տուժել է» դեսպաններին հետ կանչելուց, քանի որ խոսքը 13 երկրի դեսպանների մասին է՝ Բուրունդի, Գաբոն, Կաբո Վերդե, Կամերուն, Կոտ դ' Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի և Ուգանդա: Երկրորդ տեղում Ասիան է, որտեղ փոփոխություններ են տեղի ունեցել 6 երկրում՝ Ֆիջիում, Լաոսում, Մարշալյան կղզիներում, Պապուա Նոր Գվինեայում, Ֆիլիպիններում և Վիետնամում։
Գործակալության տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում փոփոխություններ լինելու են Հայաստանում, Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում և Սլովակիայում, իսկ Մերձավոր Արևելքում՝ Ալժիրում ու Եգիպտոսում։
Հարավային և Կենտրոնական Ասիայում այդ երկրներն են՝ Նեպալն ու Շրի Լանկան, իսկ Արևմտյան կիսագնդում՝ Գվատեմալան ու Սուրինամը։