Փաշինյանի հրահանգով ՊԵԿ–ը տուգանել ու կասեցրել է բջջայինների խանութի գործունեությունը

Փաշինյանը պատմել էր, թե իր աշխատակազմից գնացել են վերոնշված խանութից առևտուր անելու, նրանց ասվել է, որ կանխիկով առևտրի դեպքում մի գին է, անկանխիկի դեպքում` մեկ այլ գին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ «Ն․ Ս․» ընկերությունում առկա ստվերային շրջանառությունից չի հաշվարկվել և չի վճարվել 95․7 մլն դրամի հարկային պարտավորություն։ Բացի այդ, ընկերության կողմից փորձ է կատարվել մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, որը կանխվել է։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը` անդրադառնալով դեկտեմբերի 18-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշված դեպքին։
Նշենք, որ Փաշինյանը պատմել էր, թե իր աշխատակազմից գնացել են վերոնշված խանութից առևտուր անելու, նրանց ասվել է, որ կանխիկով առևտրի դեպքում մի գին է, անկանխիկի դեպքում` մեկ այլ գին։ Այս դեպքը հունից հանել էր Փաշինյանին, ու նա կարգադրել էր փակել տվյալ խանութը և բացել միայն իր անձնական թույլտվությունը ստանալուց հետո միայն։
Պարզվում է, որ տվյալ խանութը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի ուշադրության կենտրոնում է հայտնվել 2024 թվականի սեպտեմբերի 12-ին։
«Պարզվել է նաև, որ ընկերությունն իր գործունեության մի մասը շարունակել է իրականացնել այլ հարկ վճարողի անվամբ՝ հարկային «բարենպաստ» պայմաններից օգտվելու նպատակով։ Արդյունքում, հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է վնաս՝ 64․5 մլն դրամի չափով»,–նշված է հաղորդագրության մեջ։
2024 թվականի հոկտեմբերի 18-ին ՊԵԿ–ը հաղորդում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ հոկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է 90 հատ «Apple iPhone 16» մոդելի բջջային հեռախոս, որոնց մասով ընկերությունը չի ունեցել օրինական ճանապարհով ներմուծման, ինչպես նաև ձեռքբերման փաստաթղթեր։ Բացի այդ, պարզվել է, որ ընկերության կողմից օրինական ճանապարհով ներմուծված բջջային հեռախոսներից 277 հատն իրացվել է առանց փաստաթղթավորման։ ՊԵԿ–ի կողմից հաշվարկվել է չվճարված հարկային պարտավորությունների չափը, որը կազմել է 46.1 մլն դրամ, այնուհետև հաշվարկն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն 2025 թվականի հոկտեմբերին կրկին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ընկերությունը շարունակում է իր տնտեսական գործունեության իրական ծավալները թերհայտարարագրել, ուստի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման համաձայն, հարկ վճարողի նկատմամբ ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում ընթացքի մեջ են։
2022-2024 թվականների ընթացքում ՊԵԿ–ի կողմից կազմվել են չորս տեղեկանքներ, որոնց հիմքով առկա է հարուցված քրեական գործ: