ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը։
Ավելի վաղ ՌԴ ՔԿ–ն հայտնել էր, որ Մոսկվայի հարավում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել, վնասվել է մեքենա։
ՌԴ ՔԿ–ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ զինծառայողի սպանության փաստով քրգործ է հարուցվել։
Նրա խոսքով՝ քննիչները սպանության տարբեր վարկածներ են դիտարկում։
«Քննությունը սպանության վերաբերյալ տարբեր վարկածներ է քննարկում։ Դրանցից մեկի համաձայն` հանցագործությունը կազմակերպվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից», – ասել է Պետրենկոն։
Նա նաև հայտնել է, որ մեքենայի տակ տեղադրված պայթուցիկ սարք է գործարկվել։
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի և 222.1 հոդվածի (սպանություն, որը կատարվել է ընդհանուր վտանգ ներկայացնող եղանակով, պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն) հատկանիշներով: