ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. 74 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ և երգահան Քրիս Ռին: Այս մասին հայտնում է «Sky News» հեռուստաալիքը՝ հղում անելով նրա ընտանիքին:
«Կարճատև հիվանդությունից հետո երգիչ Քրիս Ռին այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում՝ շրջապատված իր ընտանիքով», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Քրիստոֆեր «Քրիս» Էնթոն Ռին հայտնի էր իր յուրահատուկ խռպոտ ձայնով և սլայդ-կիթառի նվագով։ Երգիչը հաջողության գագաթնակետին հասավ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին՝ իր տասներորդ ստուդիական ալբոմի՝ «The Road To Hell» (1989) թողարկմամբ, որը շատերը համարում են նրա լավագույններից մեկը, ինչպես նաև դրան հաջորդած «Auberge» (1991) ալբոմով։
Երաժիշտը ծնվել է 1951 թվականին Միդլսբրոյում՝ իտալացու և իռլանդուհու ընտանիքում, ունեցել է վեց եղբայր ու քույր։ «Միդլսբրոյի սրճարանում իտալական ծագումով իռլանդացի լինելը նշանակում է սկսել կյանքդ որպես վտարանդի», - պատմում էր նա։ Պատանեկության տարիներին Ռին զբաղվում էր երաժշտությամբ՝ զուգահեռ աշխատելով որպես բանվոր, այդ թվում՝ հոր պաղպաղակի գործարանում, և մտածում էր լրագրողի կարիերայի մասին։ Ի վերջո, 22 տարեկանում նա միացավ «Magdalene» խմբին, որտեղ նախկինում նվագում էր Դևիդ Քովերդեյլը (հետագայում «Deep Purple» խմբի անդամ)։ Դրանից հետո Ռին միացավ մեկ այլ խմբի՝ «Beautiful Losers»-ին, բայց համագործակցության առաջարկ ստանալուց հետո սկսեց սոլո կարիերա՝ 1974 թվականին թողարկելով իր դեբյուտային «So Much Love» սինգլը։