Հայաստանում 700 հուշարձան շարունակում է վտանգված մնալ։ 2025 թ․-ին պետական միջոցներից նախատեսված է եղել շուրջ 1,7 միլիարդ դրամի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորում: 2026 թ․-ին է հաստատված բյուջեն կազմում է 1,672 միլիարդ ՀՀ դրամ։ Հաստատված գումարից բացի այլ ծրագրերի շրջանակներում նույնպես պետական միջոցներ են ուղղվում վերականգնման աշխատանքներին։
Կիրանցի եկեղեցին
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանը նշում է՝ 2025թ․ պետական միջոցներով իրականացվել է մոտ 20 հուշարձանի վերականգնում, գրեթե նույնքան էլ վերականգնվում էր մասնավորի՝ բարերարների կողմից։ Թեպետ ստացվում է, որ 1 տարում մոտ 4 տասնյակ վերականգնվող հուշարձաններ ունենք (7-8 հուշարձանների աշխատանքները մինչև տարեվերջ կավարտվեն), սակայն ոլորտում անելիքները շատ են։ Հուշարձանների ցանկում եկեղեցիների, վանական համալիրների կողքին մեծ կարևորություն է տրվում քաղաքացիական կառույցներին՝ բերդ, պալատ, քարավանատուն, կամուրջ և այլն։ 2026–ին շարունակվելու են Ամբերդի, Տափի, Տավուշի, Լոռի բերդի վերականգնման աշխատանքները, իսկ Կրասարի 19-րդ դարի կամրջի վերականգնման աշխատանքները մեկնարկելու են։
«Ազգային փոքրամասնությունների հետ կապված կառույցները ևս ուշադրության կենտրոնում են։ Ամրակիցի Սուրբ Նիկողայոս եկեղեցու վերականգնման աշխատանքներն արդեն ավարտին են մոտեցել։ Վերականգնման նախագիծ է պատվիրվել Կավարտի (Սյունիքի մարզ) հունական եկեղեցու համար: 2026 թ․-ին կարվի նաև Վերին Դվինում գտնվող ասորական եկեղեցու վերականգնման նախագիծը»,- նշում է Հովսեփյանը։
ՀՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանը
© Sputnik / Aram Nersesyan
Շեղումները վերացվել են․ մինչև տարեվերջ կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնումը
Արդեն երկրորդ տարին է՝ վերականգնվում է Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին։ 19-րդ դարում կառուցված եկեղեցին խիստ վթարային վիճակում էր (ճակատին պահպանված արձանագրության համաձայն՝ կառուցվել է 1888թ․)։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ եկեղեցին գործել է մինչև 1930 -ականների կեսերը:
Կիրանցի եկեղեցու վերականգնումը
© Sputnik / Aram Nersesyan
Խորհրդային տարիներին որոշում էր կայացվել ամբողջովին քանդել եկեղեցու շենքը, հետո որոշվում է պահպանել շենքն ու այն գործածել որպես ցորենի պահեստ։ Այդ տարիներին եկեղեցու վրա ճարտարապետական փոփոխություններ ու աղավաղումներ էլ են արվել, փակվել են պատուհանները, մուտքը և այլն։ 2022թ․ եկեղեցու վերականգնման նախագիծ իրականացվեց, որով նախատեսված էր վերացնել աղավաղումներն ու եկեղեցին բերել նախնական տեսքի։
Մեկնարկեցին վերականգնման աշխատանքներ, որոնք այն ժամանակ արվում էին բարերարի ֆինանսավորմամբ։ Դրա ժամանակ էլ մի շարք նոր շեղումներ եղան։ Արդյունքում որոշում կայացվեց աշխատանքները շարունակել պետական միջոցներով (ընդհանուր հատկացվել է 53,7 միլիոն ՀՀ դրամ)։ 2024թ․ մեկնարկեցին աշխատանքները, որոնց ժամանակ վերացվեցին նաև նախկինում արված շեղումները։ Սյունազարդ, կամարաշարերով Սուրբ Երրորդությունն ունենալու է զանգակատուն։ Վերականգնման աշխատանքների ավարտն այս տարեվերջին է։
Վերջին տարիներին նաև մեծ աշխատանք է տարվում վերականգնող նոր ճարտարապետների պատրաստման ուղղությամբ։ Պատասխանատուները նշում են՝ տարիներ շարունակ աշխատանքը ոչ գրավիչ է եղել, ճարտարապետները նախընտրել են կոմերցիոն նախագծեր իրականացնել, սակայն այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նաև մագիստրոսական առանձին ծրագիր կա։ Նախորդ տարի 8 շրջանավարտ է եղել, ստացվում է՝ 8 պոտենցիալ վերականգնող ճարտարապետ։ Պատասխանատուները վստահ են՝ այս թիվն ավելանալու է։