Հնդկաստանը պատրաստ է ակտիվացնել աշխատանքը ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շուրջ. Պուտին

Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ցանկանում հարաբերություններ կառուցել ԵԱՏՄ-ի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հնդկաստանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՏՄ-ի հետ արտոնյալ պայմանագրի համաձայնեցման գործընթացը։ Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ «հնգյակի» առաջնորդները բանակցություններ էին անցկացրել նեղ կազմով։
«Մշակման փուլում է նաև արտոնյալ համաձայնագիրը Հնդկաստանի հետ։ Մի երկրի, որը վարում է ինքնիշխան քաղաքականություն, հուսալի գործընկեր է՝ 1,5 միլիարդ բնակչությամբ, մեծ շուկայով և շուրջ 4 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։ Հնդկական կողմը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել այս կարևոր փաստաթղթի համաձայնեցման գործընթացը», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ հաստատելու ցանկություն հայտնող երկրներն ավելանում են։
«Ավելի ու ավելի շատ երկրներ և բազմակողմ կառույցներ են պատրաստակամություն հայտնում հարաբերություններ կառուցել մեր միավորման հետ, շարունակում է ընդլայնվել ԵԱՏՄ արտոնյալ արտաքին առևտրային գործընկերների շրջանակը», - ասել է Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հնդկաստանն աշխատում են Նյու Դելիի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 28-29-ին Աստանայում։
Բաքվի հետ հարաբերությունները նոր հնարավորություն են. Փաշինյան` ԵԱՏՄ նիստին