ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներսում բազմաթիվ առևտրային արգելքների վերացման մասին։
«Վերացվել են բազմաթիվ առևտրային արգելքներ, ներդաշնակեցվել են ոչ սակագնային կարգավորումն ու վարչարարական ընթացակարգերը», – Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ «հնգյակի» առաջնորդները բանակցություններ էին անցկացրել նեղ կազմով։
Պուտինը նշել է, որ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում գործնականում նպաստում է «հնգյակի» երկրների տնտեսական աճին։
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր համագործակցության բավականին հաջող է ընթանում` գործնականում նպաստում է անդամ երկրների տնտեսական աճին, բիզնեսի եկամուտների ավելացմանը, և ամենակարևորը՝ մարդկանց կյանքի որակի ու բարեկեցության բարելավմանը», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն աճում է, և այդ առումով «հնգյակի» երկրների շարքում առաջատարը Ղրղզստանն է։
«Աճում է համախառն ՀՆԱ-ն, և, իհարկե, կարծում եմ՝ մեզ մոտ առաջատարը Ղրղզստանն է՝ համախառն ներքին արդյունքի ավելի քան 10 տոկոսանոց նկատելի աճով։ Իհարկե, սա շատ լավ ցուցանիշ է», — նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ 2025 թվականին Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ ոչ էներգետիկ արտահանման մասնաբաժինն աճել է գրեթե 20 տոկոսով։
«Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ ոչ էներգետիկ արտահանման մասնաբաժինն աճել է գրեթե 20 տոկոսով՝ կազմելով 32 միլիարդ դոլար՝ 10 ամսվա ընթացքում ունեցած 73 միլիարդ դոլար ընդհանուր շրջանառությունից», — ասել է նա։
Ռուսաստանի առաջնորդը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԵԱՏՄ-ում ներդրվել է կայուն և արտաքին ազդեցությունից անկախ վճարային ենթակառուցվածք։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։