ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու որոշումը Բրյուսելի ռազմական տրամաբանության մեջ հիմնարար տեղաշարժ է։ Այս մասինհայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ 24 անդամ պետություններ համատեղ տրամադրել են ռազմական փոխառություն մի երկրի, որը միության անդամ չէ: Դա տեխնիկական դետալ չէ, այլ որակական տեղաշարժ։ Փոխառությունտալու տրամաբանությունը պարզ է՝ նա, ով պարտքով փող է տալիս, նաև ուզում է տվածը վերադարձնել», - գրել է նա «X»-ում։
Օրբանը նշել է, որ այդ վարկը եվրոպական վերնախավի մոտ անխուսափելիորեն կառաջացնի հակամարտությունը շարունակելու և էսկալացիայի հետաքրքրություն, քանի որ պարտությունը կնշանակի ֆինանսական կորուստներ:
«Այդ պահից սկսած խոսքն արդեն ոչ թե պարզապես քաղաքական կամ բարոյական որոշումների մասին է, այլ ֆինանսական խիստ սահմանափակումների, որոնք Եվրոպային տանում են մեկ ուղղությամբ՝ դեպի պատերազմ։ Այսպիսով` բրյուսելյան ռազմական տրամաբանությունն ուժեղանում է։ Այն չի դանդաղում, չի թուլանում, այլ ինստիտուցիոնալացվում է։ Վտանգավորությունն այսօր ավելի մեծ է, քան երբևէ, քանի որ պատերազմի շարունակությունն արդեն կապված է ֆինանսական շահի հետ»,-ընդգծել է նա։
Նախօրեին Բրյուսելում ավարտվել է գագաթնաժողովը, որի արդյունքում ԵՄ-ն ժամանակավորապես հրաժարվել է Ռուսաստանի սառեցված ակտիվների առգրավումից և որոշել է սեփական բյուջեից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի վարկ տրամադրել: Հաղորդվում էր, որ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան չեն մասնակցում վարկի ապահովմանը: