ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը նախօրեին նշել է իր 102-ամյակը։ Տեղեկությունը հաղորդում է Երևանում «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը:
«Նրա կյանքը մի ամբողջ ժողովրդի հերոսական պատմության անբաժանելի մասն է, որի մասին պետք է հիշել և սերնդեսերունդ փոխանցել», - ասված է հաղորդագրության մեջ:
Մեծ հաղթանակը մոտեցրած հայ ժողովրդի փառապանծ զավակներից մեկը ծնվել է 1923թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանում: 1941 թվականին դպրոցն ավարտելուց հետո կամավոր միացել է Կարմիր բանակին, իսկ 1942 թվականից քաջաբար մարտնչել է պատերազմում։ Լինելով հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար՝ Պետրոսյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Ուկրաինայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի ազատագրման գործում։
Մարտերում նա երեք անգամ վիրավորվել է, բայց ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է շարք և հասել Բեռլին:
2014 թվականին լույս է տեսել Պետրոսյանի «Էջեր հետախույզի կյանքից» գիրքը, որտեղ նա պատմել է իր հետպատերազմյան հետախուզական, դիվանագիտական, հասարակական գործունեության մասին: 1959-1972 թվականներին Պետրոսյանը հետախույզ էր Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկյան մայրցամաքում։ Այդ ժամանակ էլ նա սկսեց կարգավորել հարաբերությունները Հայաստանի և սփյուռքի միջև։
Իր վաստակի համար Պետրոս Պետրոսյանն արժանացել է 100-ից ավելի պարգևների՝ «Կարմիր աստղ», «Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի» շքանշանների, «Մարտական ծառայության», «Հայրենիքի պաշտպանությանը ակտիվ մասնակցության համար», «Հետախուզությունում ակտիվ գործողությունների համար» մեդալների և այլն: