ՄԱԳԱՏԷ–ն հասանելիություն է պահանջում Իրանի միջուկային օբյեկտներին. Գրոսի

Առկա իրավիճակը ՄԱԳԱՏԷ-ին ստիպում է ստուգել Իրանի միջուկային գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն պահանջում է Իրանի միջուկային օբյեկտներին հասանելիություն՝ ստուգելու համար Թեհրանի այն հայտարարությունները, թե դրանք անվտանգ չեն, ու անհնար է այնտեղ հասնել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
«Նախ` Իրանն այս երեք օբյեկտներից շատ ավելին ունի։ Այդ երեք օբյեկտները շատ կարևոր են ուրանի վերամշակման, փոխակերպման և հարստացման առումով։ Բայց Իրանի միջուկային ծրագիրը դրանով չի սահմանափակվում։ Իրանը շատ զարգացած միջուկային ծրագիր ունի՝ հզոր գիտահետազոտական բաղադրիչով և երկրի տարածքում բազմաթիվ այլ օբյեկտներով»,-ասել է նա։
Գրոսին նշել է, որ համաձայն Միջուկային սպառազինության չտարածման մասին պայմանագրի և երաշխիքների մասին համապարփակ համաձայնագրի՝ Իրանը պարտավոր է հասանելիություն տրամադրել այդ օբյեկտներին: Նա հույս ունի, որ երկխոսության արդյունքում կհաջողվի որոշակի առաջընթացի հասնել, և Իրանը չի հրաժարվի իր միջուկային օբյեկտների ընդլայնված ստուգումներից:
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 20-ին ընդունած բանաձևով Իրանից պահանջում է առանց հապաղելու գործակալությանը հայտնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասինտեղեկություններ: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի նոր բանաձևը համարում է ապակառուցողական և քաղաքականացված:
ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումները Իրանում, բայց ոչ բոլոր օբյեկտներն են հասանելի. Գրոսի
Իրանը նոյեմբերի 20-ին պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին գործակալության հետ Կահիրեի համաձայնագրի գործողության ավարտի մասին, որը սահմանում էր միջազգային կազմակերպության հետ Իրանի փոխգործակցության շրջանակները՝ հաշվի առնելով իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածները: Միաժամանակ Թեհրանում նշել են, որ պատրաստ են քննարկել ՄԱԳԱՏԷ-ի հետ նոր պայմանավորվածության վերաբերյալ առաջարկները։ Գործակալության հետ փոխգործակցության ձևաչափը պետք է որոշի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:
Ինչպես հայտնի է, Թեհրանը հուլիսին` ԱՄՆ-ի հարվածներից հետո, դադարեցրել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը՝ գործակալությունը որակելով որպես քաղաքականացված կառույց, որը տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ին և Իսրայելին:
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև է ընդունել