ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Մայր աթոռը պարզաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ու կաթողիկոսի հեռացումը պահանջող եպիսկոպոսների հայտարարությունը, թե ինչու 2017 թվականից հետո եկեղեցական-ներկայացուցչական ժողով չի հրավիրվել։
Նշենք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը, և եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսները հայտարարություն են տարածել` նրանցից ոմանք էլ են դուրս մնացել ԳՀԽ–ից։ Սա վրդովեցրել է նրանց, և նրանք իրենց հայտարարության մեջ կրկին մեղադրել են Մայր աթոռին «եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագույն խնդիրների համար։ Հայտարարությունում նաև նշել են, որ 4 տարին մեկ անցկացվող եկեղեցական-ներկայացուցչական ժողովը վերջին անգամ 2017 թվականին է իրականացվել։
«2017 թվականից հետո ԵՆԺ հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով։ Ուստի, Վեհափառ հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։ ԳՀԽ կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին։ Այդպես է եղել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այդպես էլ Վիրահայոց թեմի պարագայում»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։
Մայր աթոռը նաև պարզաբանել է, թե ինչպես են ընտրվում և նշանակվում Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կազմի 21 անդամը։ Այսպես․ ընտրությունը կատարվում է ըստ աշխարհամասերի․ 2 աշխարհական Հայաստանից, 2-ը՝ Արևելյան կիսագնդից և 1-ը Արևմտյան կիսագնդից։ 21 անդամից երկուսը՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը և Մայր Աթոռի դիվանապետը, ի պաշտոնե անդամ են։ Մնացյալ 19-ից 12-ն ընտրվում են, իսկ 7-ը նշանակվում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Եկեղեցական ընտրելի անդամների համար սահմանվել է 2 անձ Հայաստանից և 5-ը՝ սփյուռքից։ Այսպիսով՝ ԳՀԽ անդամներն ընդգրկվում են ըստ աշխարհամասերի և թեմերի մեծության։