ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Հաղորդագրության համաձայն` վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում` ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը և շնորհակալություն հայտնել վարչապետին նախորդիվ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունելու և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։
Վարչապետի աշխատակազմից նշել են, որ կողմերն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձություններին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված քայլերի, մասնավորապես` TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։
Հավելենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային Հայաստանում ընդունել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ հիշեցրել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Անդրադառնալով Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարություններին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ նման տարբերակ կազմակերպության նորմատիվ-իրավական դաշտում չկա։