ԳՀԽ մի շարք անդամների լիազորությունները դադարեցվել են․ 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող եպիսկոպոսները պնդում են, որ կաթողիկոսը միանձնյա և կանոնախախտ գործունեություն է իրականացրել, ինչն էլ ըստ իրենց, հանգեցրել է Մայր աթոռի ու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կառավարման ճգնաժամի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին հայտարարել են Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները։
«Դեկտեմբերի 15-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կազմում նրանց լիազորությունները՝ չնշելով հիմքերը և պատճառները»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ սրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով՝ 2017 թվականի հունիսի 6-8-ը, Մայր աթոռում հրավիրված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) կողմից։ Եպիսկոպոսներն ընդգծել են, որ ըստ կանոնադրության՝ 2 տարին մեկ անգամ պետք է հրավիրվի ԵՆԺ, և ԳՀԽ կանոնադրության համաձայն՝ 4 տարին լրացած անդամի լիազորությունները դադարելու դեպքում պետք է կատարվեն ԳՀԽ անդամների նոր ընտրություններ։
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները պնդում են, որ Հայ առաքելական եկեղեցու գործադիր իշխանության մարմինը շարունակել է գործել՝ խախտելով ԳՀԽ կանոնադրությունը։ Նրանց խոսքով` ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրություններում բացակայում են նաև այն կարգավորումները, որոնք կարող են հիմք ծառայել եկեղեցու բարձրագույն մարմինների ժողովների չհրավիրման համար։
Եպիսկոպոսները շեշտում են, որ Գարեգին Բ կաթողիկոսը միանձնյա և կանոնախախտ գործունեություն է իրականացրել, ինչն էլ, ըստ նրանց, հանգեցրել է Մայր Աթոռի ու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կառավարման ճգնաժամի։
Նրանք վերահաստատել են խնդիրների հանգուցալուծումը Ամենայն հայոց կաթողիկոսին հանգստյան կոչելու իրենց պահանջը և ընդգծել՝ անհրաժեշտ է նոր կանոնադրություն մշակել և ընդունել։
Եպիսկոպոսները նշել են, թե այս ամենից ելնելով` դեկտեմբերի 18-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի նիստն անվավեր է, իսկ 2021 թվականից հետո այս մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկվել ոչ իրավաչափ։
Կաթողիկոսի հեռացումը պահանջող բարձրաստիճան հոգևորականների խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ներկայիս ԳՀԽ գործունեությունը և նոր անդամների նշանակումը մինչև ԵՆ նոր ժողովի հրավիրումը։