ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Արցախ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցերը չի կարելի նույն հարթության վրա դնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11–ին Գերմանիայում Ադրբեջանին առաջարկել էր միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։
«Չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել արցախցիների վերադարձի և ինչ-որ հորինված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Այդ խոսույթները հիմնականում բարձրացվում են հենց ՀՀ իշխանությունների կողմից ու հարցերն էլ հենց իրենց է պետք ուղղել»,- նշեց Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ Արցախ վերադարձի հարցը միջազգային իրավունքի հարց է, սակայն, երբ իրենք այդ հարցերը բարձրացնում են, մեղադրվում են ռևանշիզմի, պատերազմ հրահրելու մեջ։ Վստահեցրեց՝ ոչ ոք խաղաղության գինն այնքան չգիտի, որքան արցախցին, ու ինչպես արցախցին է խաղաղություն ցանկանում, ոչ ոք չի ցանկանում։ Նախկին նախագահը շեշտեց, որ իրենք կողմ են խաղաղության գործընթացին, քանի որ չի կարող դրան դեմ լինել այն մարդը, որը տեսել է պատերազմ ու դրա հետ կապված դժվարությունները։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվորեն առաջ է տանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման (Հայաստանի տարածքում-խմբ.)՝ պնդելով հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձի» մասին։
Հավելենք, որ այսօր Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հարցաքննության են կանչել, որը տևել է շուրջ մեկ ժամ։