Վենեսուելան չի ընդունում իր տարածքի և բնական պաշարների նկատմամբ Թրամփի հավակնությունները

Կարակաս. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահն ավելի վաղ Վենեսուելայի կառավարության անվանել էր «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» և հայտարարել էր Վենեսուելա գնացող և այնտեղից դուրս եկող՝ պատժամիջոցների ներքո գտնվող բոլոր նավթային լցանավերի լիակատար շրջափակման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Վենեսուելայի կառավարությունն անընդունելի է համարում երկրի բնական պաշարների նկատմամբ հավակնությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները և մտադիր է այդ հարցը ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Միջազգային իրավունքի, երկրի Սահմանադրության և օրենսդրության համաձայն, Վենեսուելան վերահաստատում է իր ինքնիշխանությունը սեփական բնական հարստությունների նկատմամբ, ինչպես նաև ազատ նավարկության և ազատ առևտրի իրավունքը», – ասված է հանրապետության կառավարության հայտարարությունում, որը հրապարակել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
Դեկտեմբերի 16-ին Թրամփը Վենեսուելայի կառավարությունը որակել էր «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» և և հայտարարել էր Վենեսուելա ուղևորվող և այնտեղից դուրս եկող՝ պատժամիջոցների ներքո գտնվող բոլոր նավթային լցանավերի լիակատար շրջափակման մասին:
Թրամփի խոսքով՝ Ամերիկան թույլ չի տա հանցագործներին, ահաբեկիչներին կամ այլ երկրների թալանել, սպառնալ կամ վնասել ԱՄՆ-ին, ինչպես նաև «թշնամական ռեժիմին գրավել իր նավթը, հողը կամ ցանկացած այլ ակտիվներ, որոնք պետք է անհապաղ վերադարձվեն Միացյալ Նահանգներին»:
Ի պատասխան, պաշտոնական Կարակասը հայտարարել էր, որ Թրամփի օգտագործած ձևակերպումները ինտերվենցիոնիստական են և գաղութատիրական, իսկ Վենեսուելան այլևս երբեք չի դառնա ոչ մի կայսրության գաղութ:
«Իր սոցիալական ցանցերում նա հայտարարում է, որ Վենեսուելայի նավթը, հողերը և հանքային հարստություններն իր սեփականությունն են։ Եվ, հետևաբար, Վենեսուելան պետք է անհապաղ նրան փոխանցի իր ողջ հարստությունը։ ԱՄՆ նախագահը մտադիր է բացարձակապես իռացիոնալ կերպով Վենեսուելային պարտադրել այսպես կոչված ռազմածովային շրջափակում՝ մեր հայրենիքին պատկանող հարստությունները հափշտակելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ։
Երկրի իշխանությունները կրկին նշել են, որ ԱՄՆ նախագահի իրական նպատակը «միշտ եղել է ստի և մանիպուլյացիաների լայնածավալ արշավների միջոցով երկրի նավթի, հողերի և օգտակար հանածոների յուրացումը»:
«Վենեսուելան գործելու է ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ այդ ռազմատենչ սպառնալիքներին ի պատասխան լիարժեք իրացնելով իր իրավասությունն ու ինքնիշխանությունը։ Մոտ ժամանակներս ՄԱԿ-ում մեր դեսպանը հանդես կգա Վենեսուելայի նկատմամբ միջազգային իրավունքի այս կոպիտ խախտման մասին հայտարարությամբ» - հայտարարել են Կարակասում։
ԱՄՆ-ն Կարիբյան ավազանում իր ռազմական ներկայությունն արդարացնում է թմրավաճառության դեմ պայքարով։ Սեպտեմբերին և հոկտեմբերին Միացյալ Նահանգները բազմիցս կիրառել է զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ մոտորանավակները ոչնչացնելու համար, որոնցով, իբր, թմրանյութեր էին տեղափոխում։ Նոյեմբերի 3-ին Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի նախագահության օրերը հաշված են` միաժամանակ հավաստիացնելով, որ ԱՄՆ-ը չի ծրագրում պատերազմ վարել այդ երկրի դեմ: Կարակասում այդ գործողությունները գնահատել են որպես տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված սադրանք և Կարիբյան ավազանի ապառազմականացված և միջուկային ազատ կարգավիճակի մասին միջազգային համաձայնագրերի խախտում: