ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Այս փուլում օնկոլոգիական հիվանդությունների նկատմամբ հաղթանակի մասին խոսելը վաղ է։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով տեսակամրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, կրթության Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ մեկնաբանելով հակաքաղցկեղային պատվաստանյութերի ոլորտում առկա մշակումները։
Հուլիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը օնկոլոգիական հիվանդությունների դեմ պատվաստանյութ է մշակել։
Օնիշչենկոն նշեց` խոսքը երկու պատվաստանյութերի մասին է, որոնք արդեն անցել են նախակլինիկական և կլինիկական փորձարկումները և առաջիկայում կարող են կիրառվել պրակտիկայում։ Այս դեղամիջոցները դասվում են բուժիչ պատվաստանյութերի շարքին և կիրառվում են արդեն այն ժամանակ, երբ հիվանդի մոտ քաղցկեղն ախտորոշված է։
«Դրանք կանխարգելիչ չեն, ինչպես, օրինակ, գրիպի պատվաստանյութերը։ Դրանք հենց բուժիչ իմունոբիոլոգիական դեղամիջոցներ են», – ընդգծեց նա։
Փորձագետը նաև նշեց, որ գոյություն ունի քաղցկեղի դեմ պատվաստանյութի երկրորդ տեսակը՝ հիմնված իմունային համակարգը խթանող վիրուսների վրա: Սակայն այս ուղղությունը շատ ավելի դանդաղ է զարգանում և դեռ կայուն արդյունքներ չի ցուցադրում:
Օնիշչենկոյի խոսքով` այսօր մի փոքր լավատեսություն են առաջացնում հաստ աղիքի և շագանակագեղձի քաղցկեղի բուժման ոլորտում առկա մշակումները: Նա պարզաբանեց, որ կանանց շրջանում ամենատարածվածը շարունակում է մնալ կրծքագեղձի, տղամարդկանց շրջանում՝ շագանակագեղձի քաղցկեղը, սակայն ընդհանուր առմամբ ամենատարածվածը կոլոռեկտալ քաղցկեղն է:
Բացի այդ, Օնիշչենկոն պատմեց բուժման փորձարարական մեթոդի մասին, որը հիմնված է կոնկրետ հիվանդի ամենաագրեսիվ ուռուցքային բջջի օգտագործման վրա, որին ստիպում են աշխատել իմունային պատասխանի խթանման համար: Առանձին դեպքերում այս մոտեցումը հաջողություն է գրանցել նույնիսկ IV փուլի հիվանդություն ունեցող հիվանդների ռեմիսիայի մեջ, բայց առայժմ սա մնում է բացառություն, այլ ոչ թե կայուն պրակտիկա:
Վերջում նա նշեց, որ այսօրվա դրությամբ անհնար է ընդգրկել օնկոլոգիական հիվանդությունների բոլոր տեսակները, քանի որ դրանք շատ են, և տարեցտարի նոր տեսակներ են հայտնաբերվում: Միևնույն ժամանակ նման պատվաստանյութեր ստեղծելու բուն հնարավորությունը, նրա խոսքով, զգուշավոր լավատեսություն է ներշնչում: