ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն ամրագրում է երկու երկրների համագործակցության հատուկ կարգավիճակը և 20-ամյա կտրվածքով ուղենիշներ է սահմանում բոլոր ուղղություններով։ Այս մասին այսօր Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Կողմերը կստորագրեն ՌԴ-ի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2026-2028թթ. խորհրդակցությունների ծրագիրը:
Արաղչիի խոսքով՝ ռուս-իրանական հարաբերությունները կրում են համակողմանի և լայնաֆորմատ բնույթ՝ ընդգրկելով քաղաքական, տնտեսական և գործունեության այլ ոլորտներ, իսկ տարբեր հարցերի շուրջ Մոսկվայի և Թեհրանի խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրում:
«Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումն ու ուժի մեջ մտնելը մեծ ազդակ հաղորդեցին մեր երկկողմ հարաբերությունների առաջմղմանը»,- հավելել է իրանցի նախարարը:
Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 12-ին Աշխաբադում քննարկել են երկրների համագործակցության բոլոր ուղղությունները:
Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար:
«Ապագայում նման իրադարձությունների համար պետք է սերտ խորհրդակցություններ անցկացնել», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև նախատեսվում է նաև տարածաշրջանային առավել արդիական խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մոտեցումների ճշգրտում: