ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ ՀՀ Ազգային ժողովն այսօր 2–րդ ընթերցմամբ և վերջնակապես ընդունեց համապատասխան օրենքների փոփոխությունների փաթեթը, որը ԱԺ քննարկմանն էր ներկայացվել անհետաձգելի կարգով։
Հարցին կողմ քվեարկեց 64, ձեռնպահ` 7 պատգամավոր։ Դեմ չկար։
Այսպիսով` մի շարք օրենքներում կատարված փոփոխություններով` ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։
Այս ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։
Ստորաբաժանմանը իրավասություն կտրվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և /կամ տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում։