ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 22,5%-ով։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։
«Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերի կտրվածքով երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,79 մլրդ դոլար։ Ավելացել է այցելուների թիվը. այսպես, Հայաստան է այցելել 34 հազար չինացի զբոսաշրջիկ, ինչը բարձր է 2024 թվականի ցուցանիշից», - ասաց նա։
Դեսպանը նշեց, որ 2024 թվականի սեպտեմբերից ավիափոխադրումներ իրականացնող չինական «China Southern Airlines» ընկերությունն առաջիկայում կավելացնի Ուրումչի-Երևան-Ուրումչի չվերթերի հաճախականությունը։
Դեսպանն այս տարին առանձնահատուկ է համարել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանը միացել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին, իսկ հայկական ձեռնարկություններն ակտիվորեն մասնակցում են Չինաստանում անցկացվող այնպիսի խոշոր ցուցահանդեսների, ինչպիսիք են Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսը (CIIE), Կանտոնի տոնավաճառը և Չինաստանի ծառայությունների առևտրի միջազգային ցուցահանդեսը:
Լի Սինվեյը նշեց, որ հայկական բարձրորակ արտադրանքը` ներառյալ «Արարատ» կոնյակը, մեծ պահանջարկ ունի չինացի սպառողների շրջանում:
Դեսպանը նաև մատնանշեց բարձրագույն ուսումնական հաստատությունների և վերլուծական կենտրոնների միջև դինամիկ զարգացող հումանիտար շփումները: Չինական կողմը ակտիվորեն մասնակցում է նաև Հայաստանում ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման գործընթացին:
Հիշեցնենք՝ Հայաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել 2025 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պեկին կատարած այցի ժամանակ։