Ռուսաստանի բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր, այդ թվում՝ խոշոր քաղաքներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում:
Պուտինի խոսքով՝ ռազմական հատուկ գործողության (ՌՀԳ) գոտում ՌԴ ԶՈւ-ն ռազմավարական նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և այն ամուր պահում է ամբողջ ճակատային գծում, Ռուսաստանի բանակը ջախջախում է հակառակորդին, այդ թվում՝ արևմտյան ռազմական կենտրոններում վերապատրաստված էլիտար ստորաբաժանումները։ Ռուսաստանի նախագահը 2025 թվականը անվանել է ՌՀԳ խնդիրների լուծման գործում կարևոր փուլ։
Մեկ րոպե լռությամբ հարգելով զոհված զինծառայողների հիշատակը` Վլադիմիր Պուտինը նշել է, որ պետությունն ամեն ինչ անելու է նրանց ընտանիքներին աջակցելու համար: Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը հպարտանում է առաջնագծում կռվող զինվորների և սպաների սխրանքներով:
Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմի թիկունքում աշխարհի խոշորագույն ռազմաքաղաքական դաշինքի ներուժն է, և նման բարդ պայմաններում ՌԴ ԶՈւ-ն ցույց է տալիս բարձր մարտունակություն և պատրաստվածություն: Ռուսաստանի բանակը անընդհատ կատարելագործվում է, հրթիռային համալիրները, անօդաչու թռչող սարքերը, ռոբոտաշինությունը անընդհատ ընդունվում են զորքեր:
««Բուրեվեստնիկը» և «Պոսեյդոնը» դեռ երկար կմնան իրենց տեսակի մեջ եզակի զինատեսակներ, իսկ մինչև տարեվերջ մարտական հերթապահության կհանձնվի «Օրեշնիկ» համալիրը», ասել է Պուտինը:
Ռուսաստանի բանակը հետևողականորեն լուծելու է անվտանգության բուֆերային գոտու ընդլայնման խնդիրը։
«Մենք կնախընտրեինք դիվանագիտության միջոցով վերացնել հակամարտության բուն պատճառները, բայց եթե մեզ հետ բանակցելուց հրաժարվեն, պատմական հողերի ազատագրմանը Ռուսաստանը կհասնի ռազմական ճանապարհով», - ընդգծել է ՌԴ նախագահը:
Պուտինը սուտ և զառանցանք է անվանել Եվրոպայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին պնդումները: Նա նշել է, որ եվրոպական քաղաքական գործիչներն սրում են «հիստերիայի աստիճանը» և «սարսափեցնում են» ՌԴ-ի հետ բախման անխուսափելիության մասին ապատեղեկատվությամբ:
Մինչդեռ, Պուտինի խոսքով, ՌԴ ռազմավարական միջուկային ուժերը կպահպանեն ագրեսորին զսպելու և աշխարհում ուժերի հավասարակշռությունը պահպանելու իրենց հիմնական դերը: