ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակներում Հայաստանի հարավում կառուցվելիք նոր երկաթուղին չի լինի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հաշվեկշռում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Երկրում գործող երկաթուղին ՀԿԵ-ի հաշվեկշռում է։ Երկրի հարավային հատվածում երբ կառուցվի նոր` 43 կմ երկարությամբ երկաթուղին, ապա դրա շահագործումը պատկանելու է TRIPP ընկերությանը։ Հավանական չեմ համարում, որ կարող է այս նոր երկաթուղին գտնվել ՀԿԵ–ի բալանսում»,- նշեց Խանդանյանը։
Նա ընդգծեց՝ նախագծին Ռուսաստանի մասնակցության հարցը կարող է քննարկվել կողմերի համաձայնությամբ (խոսքը Հայաստանի և ԱՄՆ-ի մասին է – խմբ․)։ Շեշտեց՝ որևէ այլ կողմի ներգրավման հարցը` լինի դա ընկերություն, թե երկիր, կքննարկվի ապագայում, ինչպես նշված է Վաշինգտոնի խաղաղության համաձայնագրում, դա կողմերի համաձայնությամբ է լինելու։
ՔՊ-ական պատգամավորը նաև ընդգծեց, որ «Թրամփի ուղին» հայ-ամերիկյան նախագիծ է, այնտեղ անվտանգային որևէ բաղադրիչ չկա։ Նախագծի նպատակն է ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացումը նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։
Նշենք, որ Հայաստանի տարածքում երկաթուղիներն ունեն ռուսական ստանդարտի (1520 մմ) տրամագիծ, մինչդեռ նույն Թուրքիայում՝ Եվրոպական (1435 մմ): Հետևաբար, ով էլ կառուցի TRIPP-ը, Հայաստանի տարածքում ուղիների սինքրոնացման համար պետք է պահպանվի միասնական ստանդարտը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երկու երկրների արտգործնախարարները նաև համատեղ ուղերձ են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները լուծարելու վերաբերյալ։