ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Գերմանական «Volkswagen» ավտոկոնցեռնն իր 88-ամյա պատմության մեջ առաջին անգամ կփակի Գերմանիայի գործարաններից մեկը։ Տեղեկությունը հայտնում է «Financial Times»-ը:
Դրեզդենի գործարանն աշխատանքը կդադարեցնի դեկտեմբերի 16-ին։ Պատճառը ֆինանսական խնդիրներ են, որոնք ի հայտ են եկել Չինաստանում VW–ի ավտոմեքենաների վաճառքի ծավալների նվազման, Եվրոպայում ցածր պահանջարկի և եվրոպական ապրանքների ներմուծման համար սահմանված ամերիկյան նոր մաքսատուրքերի հետևանքով։
«Volkswagen»-ի ղեկավար Թոմաս Շեֆերի խոսքով՝ արտադրությունը փակելու որոշումը հեշտ չի կայացվել, բայց դա անհրաժեշտություն է եղել տնտեսական տեսանկյունից:
Վերջին տարիներին «Volkswagen»-ը լուրջ խնդիրների է բախվում նաև էլեկտրական մեքենաների վաճառքի դժվարությունների և չինական ընկերությունների մրցակցության ուժեղացման պատճառով:
Ավտոարտադրողը 2025 թվականի երրորդ եռամսյակն ավարտել է 1,1 մլրդ եվրոյի վնասով, իսկ ամերիկյան մաքսատուրքերով պայմանավորված՝ այս տարվա ընդհանուր կորուստներն ընկերությունը 5 մլրդ եվրո է գնահատում: