Վարդան Ղուկասյանին արգելել են մասնակցել պատարագի, չկան նաև բարձրաձայն աղոթելու պայմաններ

Ղուկասյանն իր նամակում ընդգծել է, որ խախտվել են իր օրինական և հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, եվրոպական կոնվենցիայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արգելում են մասնակցել ժամերգություններին և պատարագներին։ Այդ մասին նա իր փաստաբան Զարուհի Փոստանջյանի միջոցով նամակ–բողոք է ուղղել ՀՀ գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին։
Ղուկասյանն իր նամակում ընդգծել է, որ այդպիսով խախտվել են իր օրինական և հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, եվրոպական կոնվենցիայով։
«Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով, և ինձ զրկելով մյուս հավատացյալների հետ միասին ժամերգություններին և միասնական աղոթքներին մասնակցելու հնարավորությունից»,– գրել է նա։
Գյումրու քաղաքապետը նշել է, որ տարվա 250 օրն անցկացնում է ծոմի և պահքի մեջ, սակայն իր համար պայմաններ չեն ստեղծվել միայնակ և բարձրաձայն աղոթելու համար:
Այդ իսկ պատճառով Ղուկասյանը, մասնավորապես, դիմել է Եվրոպայի երկրների` Հայաստանում աշխատող դեսպաններին` կոչ անելով իրենց հստակ վերաբերմունքն արտահայտել իր նկատմամբ իշխանությունների այս պահվածքի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։