Ուկրաինայի էներգահամակարգը կոլապսի եզրին է. ԶԼՄ

Ուկրաինայի ամբողջ տարածքում էլեկտրականության զանգվածային անջատումները սկսվել են հոկտեմբերի 10-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինական էներգահամակարգը կոլապսի շեմին է։ Այս մասին գրում է «The Washington Post»-ը` նշելով, որ ուկրաինական մարզերը կապող էլեկտրաէներգիայի հաղորդիչ համակարգերը շարքից կարող են դուրս գալ։
«Եթե երկրի արևելքը լիակատար բլեքաութի եզրին չէ, ապա շատ մոտ է դրան», - թերթը մեջբերում է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի խոսքերը:
Ըստ «The Washington Post»-ի` Կիևի բնակիչները օրական մինչև 16 ժամ անցկացնում են առանց էլեկտրականության, իսկ ձեռնարկությունները հիմնականում աշխատում են գեներատորներով:
Ուկրաինայի ամբողջ տարածքում էլեկտրականության զանգվածային անջատումները սկսվել են հոկտեմբերի 10-ին։ Իշխանությունները հայտարարել են էներգետիկ ցանցերի և կոմունալ համակարգերի վնասման մասին։ Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտարարել է, որ շատ բարդ իրավիճակ է։
Նոյեմբերին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ երկրում վնասվել են բոլոր խոշոր ջերմային և հիդրոէլեկտրակայանները, ինչի հետևանքով զգալիորեն նվազել են էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունները։ Միաժամանակ բնակիչների կարիքները գտնվում են նույն մակարդակում։
«Google Trends» ծառայության տվյալներով՝ Ուկրաինայում երկրորդ տարին անընդմեջ «էլեկտրաէներգիայի անջատումներ» հարցումը ամենատարածվածներից մեկն է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների՝ Ռուսաստանի զինուժը պարբերաբար թիրախային հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական արդյունաբերության հետ կապված էներգետիկ օբյեկտներին։ Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բազմիցս ընդգծել է, որ բանակը չի հարվածում բնակելի շենքերին և սոցիալական հաստատություններին: