Ինքնակամ շինությունները հաշվառելու ժամկետը երկարաձգվել է. Թովմասյան

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը. Արխիվային լուսանկար
Կադաստրի կոմիտե ղեկավարի խոսքով` օրենքը մինչև 2021 թվականի կառույցներին են վերաբերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ինքնակամ շինությունները հաշվառելու ժամկետները երկարաձգվել են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ ՀՀ ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած փոփոխություններով պետք է բացառվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։
«Այդ ժամանակ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարան ներմուծվեց 70 հազար ինքնակամ շինություն։ Բայց բնակչության մի հատված չհասցրեց հաշվառել իր ինքնակամ կառույցը՝ տեղեկացված չէր, բացակա էր երկրից և այլն։ Մենք 2021 թվականին իրականացրել են ՀՀ օդային տարածքի լուսանկարահանում, և օդային լուսանկարներն ինտեգրել էինք քարտեզներում, ինչը կօգտագործեն»,– ասաց նա։
Սուրեն Թովմասյանի խոսքով՝ կօրինականացվեն այն շինությունները, որոնք օդային լուսանկարահանմամբ կփաստվեն, որ կառուցված են եղել մինչև 2021 թվականը։ Ըստ նրա՝ այժմ մոտ 40 հազար շինություն կա միայն մարզերում, իսկ Երևանը դեռևս ներառված չէ։ Թովմասյանի կանխատեսմամբ՝ մոտ 70 հազար անօրինական շինությունների հետ կապված աշխատանք կկտարվի։
Նախագիծն ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացավ դրական եզրակացությամբ և կքննարկվի ԱԺ արտահերթ նիստին` 24 ժամյա ընթացակարգով։