ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանում Եվրամիության ներկայացուցչության առջև տեղի է ունեցել ակցիա` Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչելու և նրանց ազատ արձակելու համար քայլեր ձեռնարկելու պահանջով։
Ակցիան իրականացրել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդական կազմակերպության անդամները: Նրանք դեսպանատան շենքի մոտ են եկել ազատազրկման դատապարտված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, գործարար Սամվել Կարապետյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, բլոգերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարներով:
Բողոքի ակցիա Երևանում Եվրամիության ներկայացուցչության առջև
© Sputnik
Ցուցարարները անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ընթերցել են հայտարարությունը, որն ուղղված է ԵՄ-ին։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում քաղաքական ճգնաժամերին արձագանքել է միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանել է իր շահերին: Մինչև 2018 թվականը Եվրոպական միությունը հետևողականորեն բարձրացրել է մարդու իրավունքների ոտնահարումների, ընտրախախտումների, կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտության մասին հարցեր:
«Բայց այսօր նույն ԵՄ-ն լռում է, և մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու։ 2018 թվականից հետո Հայաստանում ձևավորվել է ընտրովի արդարադատության նոր համակարգ, որտեղ քրեական հետապնդումը կիրառվում է քաղաքական նպատակահարմարության շրջանակներում», - նշել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդական կազմակերպության անդամ Արմենակ Գրիգորյանը:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդական կազմակերպության անդամ Արմենակ Գրիգորյան
© Sputnik
Նա նշել է` հալածանքի են ենթարկվում Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ, բարերարներ, հասարակական և քաղաքական գործիչներ, համայնքների ընդդիմադիր ղեկավարներ: Նրանք ամիսներ ու տարիներ շարունակ կալանքի տակ են` զրկված իրական արդարադատության հնարավորությունից։
Ակցիայի մասնակիցները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղբանտարկյալներ կան ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում:
«Եթե մարդու իրավունքները համընդհանուր արժեքներ են, ապա ինչո՞ւ են դրանք ընտրողաբար կիրառվում, ինչո՞ւ ԵՄ-ն կարող է կոշտ արձագանքով հանդես գալ աշխարհի մի մասում, բայց գործընկեր երկրում տեղի ունեցող խախտումներին այլ կերպ է վերաբերվում»,- ասել է Գրիգորյանը։
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդական կազմակերպության անդամ Արմենակ Գրիգորյան
© Sputnik
Նրա խոսքով` այս լռությունը դիվանագիտություն չէ, դա քաղաքական ընտրություն է, ուղղակի ցուցում իշխանություններին՝ շարունակել նույն ոգով։
«Մենք չենք պահանջում, որ ԵՄ–ն փոխարինի ՀՀ դատական համակարգին։ Մենք պահանջում ենք, որ ԵՄ-ն հետևի իր իսկ հռչակած սկզբունքներին։ Մենք պահանջում ենք պաշտոնապես արձանագրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, հարցը ներառել Հայաստան-ԵՄ օրակարգում, պահանջել նրանց ազատ արձակումը, հստակ դիրքորոշմամբ հանդես գալ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ղեկավարության վերաբերյալ», – նշել է ուսանողական միության ներկայացուցիչը։
Եթե այսօր Եվրամիությունը լռում է, ապա վաղը կլինեն նոր ձերբակալություններ, նոր քաղբանտարկյալներ, նոր ճնշումներ։
«ԵՄ-ն փաստացի լքել է Հայաստանը` այստեղ թողնելով միայն իր դրոշը և մոռանալով հայտարարել, որ այդ շենքը վարձով է տրվում», - նշել են ցուցարարները։
Ավելի վաղ Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը հրապարակել էր հարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ հարցվածների ավելի քան 60 %-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: