ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Վստահ ենք՝ շատերդ լսած կլինեք տարածված ժողովրդական խոսքը․ «Այս քամին ձյան տեղ է անում»։ Բայց այդ դեպքում դա այդքան էլ այդպես չէ»,–գրել է նա։
Ինչ վերաբերում է քամուն, Ազիզյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի։
«Քամին չի խանգարի այսօր Հանրապետության հրապարակում նախատեսված կարևոր իրադարձությանը՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը»,–գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժեղ քամին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ծառեր ու սյուներ է տապալել։ Տեղեկություն էր տարածվել նաև, որ ուժեղ քամին կոտրել ու տապալել է նաև Ապարանի գլխավոր տոնածառը։ Ավելի ուշ Ապարանի համայնքապետարանից հերքել էին, որ տոնածառը վնասվել է։ Նրանք նշել էին, որ վնասվել են տոնածառի մոտ տեղադրված ամանորյա զարդարանքները։