Կամբոջան փակել է Թաիլանդի հետ սահմանային բոլոր անցումները. ԶԼՄ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թաիլանդի օդուժը հարվածներ է հասցրել Կամբոջայի տարածքում գտնվող թիրախներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Կամբոջան Թաիլանդի հետ հակամարտության ֆոնին փակել է երկրների միջև սահմանային բոլոր անցումները։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Կամբոջայի ներքին գործերի նախարարությանը:
Թաիլանդական «Խաոսոտ» թերթն այսօր առավոտյան հայտնել է, որ Թաիլանդի օդուժի կործանիչները հարվածներ են հասցրել Կամբոջայի տարածքի թիրախներին:
Թաիլանդի և Կամբոջայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունները վերսկսվել են անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի օդուժը ավիահարվածներ է հասցրել Կամբոջային։
Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են թեժ մարտերը: Վերջին տվյալներով՝ երկրի սահմանամերձ նահանգների վրա թաիլանդական զինուժի հարձակումների պատճառով ավելի քան 54,5 հազար մարդ է լքել տները, իսկ Թաիլանդում ընդհանուր առմամբ տարհանվել է 400 հազար բնակիչ, որոնցից 125 հազարը ապաստանել են սահմանամերձ նահանգների ժամանակավոր տեղակայման կետերում:
Գարնանը Թաիլանդի և Կամբոջայի միջև սկսված սահմանային հակամարտությունը հուլիսի վերջին վերաճեց ինտենսիվ մարտական բախումների: Ռազմական գործողություններն ավարտվեցին ԱՄՆ-ի, Չինաստանի և 2025 թվականին ԱՍԵԱՆ-ը նախագահող Մալայզիայի միջնորդությամբ հրադադարի հաստատմամբ:
2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր ստորագրեցին Կուալա Լումպուրում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: