ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Ռոման Ահարոնյանը։
«Որոշումը պատրաստվում ենք բողոքարկել»,– ասաց նա։
Նշենք, որ այսօրվա որոշումը կայացրել է Կարեն Ֆարխոյանը` այն նույն դատավորը, որը կալանքի որոշում էր կայացրել։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել էր Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։