ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուն Տվերում բազմաբնակարան շենքի վրա է հարձակվել։ Մարզպետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ հարձակման հետևանքով 7 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։
Բժիշկներից ստացած վերջին տեղեկությունների համաձայն՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պայթյունի հզոր ալիքից կոտրվել են շրջակա տարածքի բնակարանների պատուհանների ապակիները, բեկորները վնասել են մի քանի կայանած ավտոմեքենաներ։ Շենքի բնակիչների համար մոտակա դպրոցում ժամանակավոր կացարան է ստեղծվել, որում այժմ 22 մարդ է գտնվում, այդ թվում՝ հինգ երեխա։ Դեպքի վայրում օպերատիվ շտաբ է տեղակայվել։
Այժմ պարզվում են կատարվածի պատճառներն ու հանգամանքները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։