ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Հարցվածների 57.1 % դեմ է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Հարցման արդյունքներն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Նավասարդյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 19-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Երկու օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի Հիմնական օրենքը (Սահմանադրությունը)։
«Հարցվածների 7,3%-ը կարծում է, որ պետք է լիովին նոր Սահմանադրություն լինի, այսինքն՝ նրանք համաձայն են Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած նախաձեռնությանը։ 20,7%-ը կարծում է, որ պետք է Սահմանադրության մեջ որոշ կետեր փոխել։ Եվս 57,1% հարցվածներ կարծում են, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ», - ասաց Նավասարդյանը։
Նա հիշեցրեց, որ Gallup International-ը նմանատիպ հարցում երկու անգամ արել է 2024-ին և 2025 թվականներին։ 2024 թ.–ին 3,3%-ը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխությանը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դա անվանել էր խաղաղության կնքման պայման։
«Հայ հասարակությունը մերժում է արտաքին պահանջները, այսինքն` եթե Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են խաղաղության, ապա չպետք է իրենք տորպեդահարեն գործընթացը»,– նշեց Նավասարդյանը։
Հավելենք, որ հեռախոսային հարցումն անցկացվել է 1001 հարցվողի շրջանում` նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 5-ը ժամանակահատվածում։