Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Աշխաբադում
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները բանակցություններ են անցկացրել Աշխաբադում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աշխաբադում կայացած բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Սիրիայում:
«Հանդիպմանը քննարկվել են Պաղեստինում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր», – հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Բացի այդ, կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորումը։
Մասնավորապես, Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայի հարցով ցանկացած ձևաչափով բանակցություններն ընդունելու Թուրքիայի պատրաստակամության մասին։
«Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է բանակցային գործընթացին, և որ այդ համատեքստում Թուրքիան պատրաստ է ընդունել ցանկացած ձևաչափով բանակցություններ», – ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են Աշխաբադում Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված համաժողովին: