Իսրայելը հարձակվել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» վարժական համալիրի վրա

Իսրայելցի զինվորականները նշել են՝ սա «Հզբոլլահի» երկրորդ համալիրն է, որը շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել է «Հզբոլլահ» շարժման՝ Լիբանանի հարավում գտնվող վարժական ճամբարների վրա: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել «Հըզբոլլահի» վարժական համալիրին, որն օգտագործվում է «Ռադվան» հատուկ ստորաբաժանման կողմից այդ կազմակերպության ահաբեկիչների համար վարժանքներ և դասընթացներ անցկացնելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:
Զինվորականները նշել են՝ սա «Հզբոլլահի» երկրորդ համալիրն է, որը շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել։
Համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս շարունակվող հակամարտության հրադադարի ռեժիմը: Ըստ պլանի՝ հրադադարից հետո 60 օրվա ընթացքում Լիբանանի բանակը պետք է զբաղեցներ երկրի հարավում գտնվող տարածքները, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին Լիտանի գետից հյուսիս, որը տարբեր տեղամասերում հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա: