ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ Մոսկվայում մասնակցել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը նվիրված միջազգային համաժողովին:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են կենսատեխնոլոգիաների, արդյունաբերական ախտորոշման և էկոլոգիական անվտանգության ոլորտում երիտասարդ գիտնականների միջազգային կոլեկտիվների նախագծերն ու տեխնոլոգիական մշակումները:
Փաշինյանին, ինչպես և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներին, ցուցադրել են ռուսաստանցի երիտասարդ գիտնականների մշակումներն ու հայտնագործությունները։ Մասնավորապես, նա հետաքրքրությամբ դիտարկել է քվանտրոնը՝ ուժեղացող լազերային մոդուլների նմուշը:
Հայաստանի վարչապետը, ըստ ամենայնի, գնահատել է ռուսաստանցի երիտասարդ գիտնականների մշակումները։ Ռուսաստանցի գիտնականների մեկ այլ հետաքրքիր գտածո հսկա բզեզն է։ Փաշինյանը երկար է ուսումնասիրել նմուշը, իսկ Միշուստինը նույնիսկ հետաքրքրվել է, թե որտեղ են գտել այդ միջատներին։
Կառավարությունների ղեկավարներն առանձին ծանոթացել են «Խորհրդային ատոմային նախագիծ» ցուցահանդեսին, որը պատմում է խորհրդային ատոմային արդյունաբերության զարգացման և միջուկային հավասարակշռության հասնելու մասին, ինչի շնորհիվ քսաներորդ դարի երկրորդ կեսին նոր համաշխարհային պատերազմ չսկսվեց:
Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը նվիրված միջազգային համաժողովն անցկացվում է գիտության, տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի բազմակողմ փոխգործակցության զարգացման, եվրասիական տարածաշրջանում երիտասարդական նախաձեռնություններին աջակցելու և հեռանկարային մշակումներն առաջ մղելու նպատակով: