Հուսով ենք` Երևանն ու Բաքուն արագ կստորագրեն խաղաղության պայմանագիրը. Տոկաև

Տոկաևը պատմական է որակել 2025 թվականի օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կկնքվի։ Նա այդ մասին խոսել է Աշխաբադում կայացած «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ժամանակ։
Տոկաևի խոսքով` լիարժեք համաձայնագիրը կայունություն կապահովի Հարավային Կովկասում։
«Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի, ինչը լայն հեռանկար է բացում տարածաշրջանում և դրանից դուրս բազմակողմանի համագործակցության համար», – հայտարարել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։