ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ–ից նոր վարկ է վերցնում մաքսային–լոգիստիկ կենտրոնի կառուցման համար

ՀՀ կառավարության կողմից վարկային ու դրամաշնորհային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9 մլն եվրո, որից՝ 7.8 մլն եվրոն վարկային միջոցների գծով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 39 մլն եվրո կտա` Երևանում լոգիստիկ կենտրոն կառուցելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագիրը կնքվել է 2025 թ. սեպտեմբերի 19–ին, որով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցել:
Միաժամանակ նախատեսվում է Հայաստանին հատկացնել որոշակի գումար, որն ուղղվելու է ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությանը (մոբիլիզացմանը)՝ որպես դրամաշնորհ:
ՀՀ կառավարության կողմից վարկային ու դրամաշնորհային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9 մլն եվրո, որից՝ 7.8 մլն եվրոն վարկային միջոցների գծով:
«Համաձայնագրով նախատեսված վարկային միջոցներն ուղղվելու են Երևանի արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը, իսկ դրամաշնորհային միջոցները՝ Երևանի ԱՏԳ կենտրոնի շինարարությանը և սարքավորումների ձեռքբերմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշենք, որ ԱՏԳ կենտրոններում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացներն իրականացվում են մեկ վայրում: Այստեղ հիմնական գործընթացները հիմնված են լինելու էլեկտրոնային համակարգերի և ծրագրային լուծումների կիրառման վրա։
ՊԵԿ–ից հայտնում են, որ այս կենտրոններում պետք է տեղակայված լինեն բոլոր այն պետական մարմինները և մասնավոր կազմակերպությունները, որոնք տրամադրում են ապրանքների ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթեր։
Հավելենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2024 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ներդրել է 396 մլն եվրո՝ 19 նախագծերի շրջանակում, ինչը ներդրումների ամենաբարձր մակարդակն է ողջ պատմության ընթացքում։