ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Բջջային հեռախոսների մաքսանենգությանը ՊԵԿ պաշտոնյաների առնչության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնեցին պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Դուբայից Հայաստան ապօրինի ներկրվել է 400 iPhone, իսկ այդ գործընթացը ղեկավարել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը։
«ՊԵԿ-ում նման իրավիճակ չկա և չի կարող լինել։ Ընդգծում ենք, որ վերջին շաբաթներին բջջային հեռախոսների մաքսանենգության որևէ դեպք չի արձանագրվել։ Այնուհանդերձ, շրջանառվող տեղեկությունների ստուգման նպատակով ՊԵԿ Ներքին անվտանգության վարչությունը նախաձեռնելու է ծառայողական քննություն՝ ներառյալ տեսաձայնագրությունների ուսումնասիրություն, փաստերի հավաքագրում և իրավիճակից բխող, օրենսդրությամբ նախատեսված, այլ քայլերի ձեռնարկում»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ անհիմն տեղեկությունների տարածումը լուրջ կասկածներ է առաջացնում շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ։ ՊԵԿ-ից ընդգծում են՝ չի բացառվում, որ բջջային հեռախոսների մաքսանենգության դեմ ՊԵԿ-ի հետևողական և արդյունավետ պայքարը «դժգոհություն է առաջացրել որոշ խմբերի մոտ, ինչը դրդել է կառույցի բարի համբավն արատավորելու փորձերի»։