ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում հատուկ ուշադրություն պետք է դարձնել արտաքին եզրագծում առաջխաղացմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը:
«Ներկայումս միության առջև խնդիր է դրված ձևավորել ԵԱՏՄ նոր գործընկերների ցանկը։ Կարծում եմ` այս աշխատանքում պետք է շեշտը դնել Ասիայի և Աֆրիկայի բարեկամ երկրների վրա, որոնց շուկաների հարցում շահագրգռված են մեր երկրների արտադրողները»,-ասել է Տուրչինը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Բելառուսի վարչապետը հիշեցրել է, որ անցնող տարում տնտեսական գործընկերության մասին համաձայնագրեր են ստորագրվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ և ժամանակավոր առևտրային համաձայնագիր` Մոնղոլիայի հետ, մայիսից մեկնարկել է Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը:
Մոտ ժամանակներս նախատեսվում է ազատ առևտրի մասին ևս մեկ համաձայնագրի ստորագրում` Ինդոնեզիայի հետ։ Երեք պետություններ` Մյանման, Նիկարագուան և Վենեսուելան, իրենց հայտերն են ներկայացրել ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների կարգավիճակ ստանալու համար:
Մինչ այդ ելույթ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը և այդ ուղղությունը դիտարկում է որպես համաշխարհային տնտեսության մեջ կազմակերպության դերի հետագա ամրապնդման առանցքային գործոն:
Բելառուսն ավարտում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ 2026 թվականին ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ղազախստանին: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա 2026 թվականի մարտի 26-27-ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։