ՀՀ վարչապետը չի կարող հրաժարվել արցախցու վերադարձի իրավունքից․ Բեգլարյանը՝ Փաշինյանին

Արտակ Բեգլարյանը նշում է, որ իրենց համար դատապարտելի է ՀՀ կառավարության նման դիրքորոշումը։
Sputnik
ՀՀ վարչապետը կամ հենց Նիկոլ Փաշինյանը չի կարող Արցախի ժողովրդի վերադարձից հրաժարվողը լինել։ Այս մասին Արցախի ներկայացուցչությունում, որտեղ ավելի քան 10 քննիչ խուզարկություն է իրականացնում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին, Համբուրգում հայ լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկ արեց։ Նշեց, թե զուգահեռաբար կարելի փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։
«Միայն Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ վերադառնում է, թե ոչ։ ՀՀ վարչապետը կարող է միայն ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևակերպել։ Մեզ համար ցանկալի չէ, այլ դատապարտելի է, որ ՀՀ կառավարությունը նման դիրքորոշում ունի, ընդ որում, իրավունքները վաճառքի է հանում։ Նա հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի ու ադրբեջանցիների «վերադարձի» միջև»,- ընդգծեց Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ դրանց միջև որևէ եզր չկա՝ ոչ պատճառների մասով, թե ով ինչպես է լքել իր տունը, ոչ փոխհատուցումների, ոչ ժամկետների, ոչ ծավալների ու ոչ էլ իրավական հիմքերի առումով։
Ընդգծեց՝ քիչ թե շատ կարող է քննարկելի լինել ադրբեջանահայության վերադարձը, ինչպես նաև ՀՀ-ում ապրած ադրբեջանցիների վերադարձը։ Նշեց՝ սա էլ կարող է քննարկելի լինել, որովհետև ադրբեջանահայությունը բռնի գաղթել է ցեղասպանական քաղաքականության հետևանքով։