ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբուրգում հայ լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրենք վերահաստատեցին, որ այդ հետաքրքրությունը, առավել ևս հիմա, տարածաշրջանային նախագծերի համատեքստում ավելի է ակտիվացել, և այդպես շարունակ»,- նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Գերմանիա այցի արդյունքներով բավական ծանրակշիռ թեմաներ և օրակարգ է ձևավորվել։
Նիկոլ Փաշինյանը թվարկեց նաև քննարկված այլ թեմաներն ու հարցերը, այդ թվում՝ կանաչ ջրածնի արտադրություն, տնտեսական համագործակցության կառուցվածքը փոխելու օրակարգ, դեպի ԵՄ երկրներ Հայաստանի արտադրանքի արտահանման համար գործարարների աջակցություն և այլն։
Հիշեցնենք, որ Գյումրիում «չոր նավահանգիստ» նախագծի մասին հայտարարվել է դեռ 2021 թվականին։ Դրա հեղինակը գործարար և ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Շառլ Մալասն է։ 2023 թվականի դեկտեմբերին MTBS նիդեռլանդական ընկերությունը պատրաստել էր «չոր նավահանգստի» տեխնիկա-տնտեսական հիմնավորումը։ 2024 թվականի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ներդրումային կոմիտեն անցկացրեց նիստ, որի ընթացքում քննարկեց և հավանություն տվեց Շիրակի մարզի համար նախատեսված նախագիծը: Ավելին, այն ցանկանում էին ներառել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, իսկ շինարարությունը նախատեսվում էր սկսել արդեն 2024 թվականի երկրորդ կեսին։
Այդ ժամանակ էլ Sputnik Արմենիայի հարցումներին էկոնոմիկայի նախարարությունից պատասխանում էին, որ իշխանություններն ակտիվորեն փնտրում են ԱՄԷ-ում, Իրաքում և Քաթարում «չոր նավահանգստի» կառուցման օպերատորին։
Այնուամենայնիվ, ինչ-որ բան սխալ գնաց: 2024 թվականին Շառլ Մալասը նախարարությունից էլեկտրոնային նամակ էր ստացել՝ «նախագիծն իմաստ չունի, քանի դեռ չի բացվել Թուրքիայի հետ սահմանը» ձևակերպմամբ ։ Արդեն 2025 թվականի հուլիսի 5-ին նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտարարեցին, որ Հայաստանում շարունակվում են աշխատանքները Գյումրիում «չոր նավահանգիստ» նախագծի իրականացման ուղղությամբ։