Բագրատ սրբազանը շաքարային դիաբետ ունի, կալանքն անթույլատրելի է. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը. Արխիվային լուսանկար
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` իշխանությունն անտեսում է իր իսկ ստորագրած միջազգային պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շաքարային դիաբետ ունի, և կալանքի տակ գտնվելը նրա համար վտանգավոր է։ Այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մենք դատարանում տեսանք Բագրատ սրբազանին՝ ծայրահեղ նիհարած։ Բոլորը գիտենք, որ Բագրատ սրբազանը շաքարի հետ կապված լրջագույն խնդիր ունի։ Ես, ծանոթ լինելով միջազգային կոնվենցիաներին, պնդում եմ, որ այն հիվանդությունները, որոնք 4 կալանավորված սրբազաններից 2–ը՝ Բագրատն ու Միքայելն ունեն, դրանք անհամատեղելի են կալանքի հետ»,– ասաց նա։
Զոհրաբյանի խոսքով՝ անհամատեղելիությունը փաստում են ոչ միայն միջազգային կոնվենցիաները, այլև ներհայաստանյան օրենսդրությունը։
«Բայց մենք ունենք իշխանություն, որը թքած ունի իր իսկ ստորագրած միջազգային պարտավորությունների, իր իսկ ընդունած օրենքների վրա, մենք ունենք այս պատկերը՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ կալանքի սանկցիայի տակ»,– նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։
Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։