ՌԴ–ն աշխատում է խաղաղության, ոչ թե հրադադարի ուղղությամբ. Պեսկովն արձագանքել է Զելենսկուն

Մոսկվան դեռ որևէ մեկի հետ չի հասցրել քննարկել Զելենսկու` Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն աշխատում է խաղաղություն հաստատելու, ոչ թե Ուկրաինայի հետ հրադադար հաստատելու ուղղությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու` «էներգետիկ հրադադարի» պատրաստ լինելու մասին հայտարարությունը։
Պեսկովն ընդգծել է, որ Ուկրաինայում կայուն և երկարաժամկետ խաղաղությունը՝ ստորագրված փաստաթղթերի հիման վրա, բացարձակ առաջնահերթություն է Մոսկվայի համար։
Նա նաև նշել է, որ Մոսկվան դեռ չի հասցրել Վաշինգտոնի հետ քննարկել Զելենսկու` Ուկրաինայում նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ Ռուսաստանի նախագահը վաղուց է խոսել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին։
Թրամփը գնահատել է Պուտին-Ուիտկոֆ հանդիպման արդյունքները
Դեկտեմբերի 9-ի երեկոյան Զելենսկին պատասխանել էր լրագրողների հարցերին՝ հայտարարելով Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարի, ինչպես նաև երկրում երկու-երեք ամսվա ընթացքում ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին (քվեարկության անվտանգությունն ապահովելու պայմանով)։ Նա նաև ասել է, որ Կիևը դեկտեմբերի 10-ին ԱՄՆ–ին կփոխանցի խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր` ժամանակն է, որ Ուկրաինան նախագահական ընտրություններ անցկացնի, ուկրաինացիները պետք է նման հնարավորություն ունենան։ Զելենսկին իր հերթին հայտարարել էր` Ուկրաինան կարող է պատրաստվել ընտրությունների, բայց խնդրել էր, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն ապահովեն ընտրությունների անվտանգությունը։
Թրամփը Զելենսկուն ժամանակ է տվել խաղաղության առաջարկին պատասխանելու համար. ԶԼՄ