Իշխան Սաղաթելյանին հարցաքննության են կանչել ՔԿ. նա հրաժարվել է ցուցմունք տալուց

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին այսօր ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել «Սրբազան պայքարի» գործի շրջանակում։ Այդ մասին նա այսօր նշել է «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութի մեջ։
«Այդ գործից կա անջատված մաս, ու տեղի է ունենում լայնածավալ քննություն։ Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալուց` հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, իրավական պրոցես տեղի չի ունենում»,– ասաց Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ասում էին` ինչո՞ւ գլխավոր դատախազն անձեռնմխլիությունից չի զրկում նաև իրեն ու Գառնիկ Դանիելյանին, քանի որ նրանք ևս առնչվում են այս գործի հետ։
«Ուզում եմ ասել, որ մենք անհանգստանալու առիթ չունենք. քաղաքական պատվերի շրջանակում իշխանությունը ցանկանում է նոր գործ կարել կամ նոր մարդկանց մեղադրանք առաջադրել։ Այս իշխանությունների կողմից հետապնդվելը պատիվ է։ Ամոթ է և խարան է այս իշխանությունների հետ համագործակցելը և նրանց ձեռքին գործիք դառնալը։ Մեզ չեն կարող շեղել մեր բռնած ուղուց, ամեն նման քայլ և գործողություն մեզ ոչ թե կաշկանդում է, այլև համոզվում ենք, որ ճիշտ ընթացքի մեջ ենք, և ավելի վճռական, կազմակերպված շարժվում ենք դեպի առաջ, դեպի մեր նպատակին հասնելը»,– ընդգծեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։